Ի՞նչ է գենոմը


Մեր օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք արդյունավետ համագործակցելով  իրականացնում են հազարավոր ֆունկցիաներ։ Որոշ բջիջներ օգնում են մարսել սնունդը, մյուսները թթվածին են տեղափոխում։ Մեր աչքի բջիջները կլանում են լույսը և ինֆորմացիան տեղափոխում են ուղեղին, ինչի շնորհիվ մենք ճանաչում ենք մեզ շրջապատող աշխարհը։ Բջիջների աշխատանքի և փոխազդեցության ձևերը շատ տարբեր են, ինչն իր հերթին պահանջում է նուրբ կառավարում։ Բջիջների տարատեսակ առաջադրանքները կոդավորված են ԴՆԹ հաջորդականության մեջ, որը պահպանվում է բջիջների կորիզում։ Մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջները պարունակում են միևնույն հաջորդականությամբ ԴՆԹ, որը, սակայն, տարբեր հրահանգներ է տալիս բջիջներին՝ կախված իրենց կատարած գործառույթներից։ 

Օրգանիզմի ամբողջական գենետիկական հաջորդականությունը կոչվում է գենոմ։ Մարդու գենոմը կազմված է 3.2 միլիարդ ԴՆԹ հիմքերից, որոնք տեղակայված են 23 զույգ քրոմոսոմներում։ Քրոմոսոմները ներկայացված են զույգերով, քանի որ դրանք գալիս են մեր երկու ծնողներից։ Սրանով էլ բազատրվում է, թե, օրինակ, ինչու մեր ձայնը կարող է նման լինել մեր մոր ձայնին, իսկ ճակատը՝ հոր ճակատին։

Բայց ի՞նչպես է այս ինֆորմացիան տեղակայվում մեր գենոմում։ ԴՆԹ-ի տարբեր հատվածներ կոչվում են գեներ,  որոնցից յուրաքանչյուրն ուրույն ֆունկցիա է։ Որոշ գեներ սահմանում են սպիտակուցների կառուցվածքը, մյուսները՝ ՌՆԹ մոլեկուլների ձևը, որոնք կարգավորիչ ֆունկցիա ունեն։ Հետաքրքիր է որ 3.2 միլիարդ հիմք ունեցող երկու անհատների ԴՆԹ-ն միջինում 99.9 տոկոսով համընկնում է։ Տարբերությունների այդ 0.1 տոկոսը որոշում է մարդկանց բոլոր տարատեսակ առանձնահատկությունները՝ աչքերի գույնը, արյան կարգը, երաժշտության ընկալումը, սուրճի նկատմամբ զգայունությունը, որոշակի հիվանդությունների զարգացման  հավանականությունը և այլն։

հեղ՝ Աննա Հակոբյան, թարգ՝ Սիրաս Հակոբյան