Մեր գենետիկական պատմությունը

Ովքե՞ր ենք մենք․ որտեղի՞ց ենք գալիս․ ո՞վքեր են մեր նախնիները։  

Մենք դարերից ի վեր տարված ենք եղել այս հարցերով։ Մեր անցյալը հասկանալու համար մենք երկար տարիներ դիմել ենք հնէաբանությանը, լեզվաբանությանն ու պատմագիտությանը։ Սակայն գենոմիկայի ոլորտի հեղաշրջման շնորհիվ գենետիկան այժմ շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս պատասխանելու մեր անցյալին վերաբերող հարցերին։

Պատմությունն իր հետքն է թողնում մեր գենոմում՝ գենետիկական վարիանտների կամ ԴՆԹ փոփոխականության տեսքով ։ Դեմոգրաֆիկ իրադարձությունները, ինչպիսիք են պոպուլյացիաների ընդարձակումը, միգրացիան և աղետները հանգեցրել են նրան, որ տարբեր ազգությունները ունեն գենետիկական վարիանտների տարբեր բաշխում։ Նկատենք, որ ազգությունները չունեն իրենց բնորոշ գեներ․ գեները նույնն են, սակայն գեներում առկա գենետիկական վարիանտները կարող են ունենալ տարբեր բաշխվածություն՝ կախված ազգությունից։ Ամեն ազգություն ունի իր ուրույն գենետիկական պատմությունը, ուստի և գենետիկական փոփոխականության յուրահատուկ պատկեր, որը փոխանցվում է սերնդե-սերունդ։ Հենց սա է պոպուլյացիոն գենետիկայի առջև դրված խնդիրը՝ բացահայտել պոպուլյացիաների միջև առկա գենետիկական փոփոխականության տաբրերությունները և դրանց առաջացման պատճառները։

Պոպուլյացիոն գենետիկան հաճախ հիմնվում է գենոմի առանձին հատվածների՝  միտոքոնդրիալ ԴՆԹ-ի և Y քրոմոսոմի վրա։ Այս հատվածները հանդիսանում են մեր գենոմի մի փոքր մասը, սակայն հետաքրքիր են նրանով, որ փոխանցվում են միայն մայրական (միտոքոնդրիալ ԴՆԹ) կամ միայն հայրական (Y քրոմոսոմ) գծով։ Մեր անցյալի շատ ուսումնասիրություններ հիմնված են ԴՆԹ-ի այս փոքր հատվածների ուսումնասիրության վրա, սակայն ողջ գենոմը շատ ավելի լայն պատկեր և բազմաթիվ նոր պատասխաններ կարող է տալ։

Այսպիսի ուսումնասիրությունները հնարավոր են դարձել սեքվենավորման նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու շնորհիվ։ Այժմ մենք հնարավորություն ունենք ժամերի ընթացքում վերծանելու յուրաքանչյուր մարդու ամբողջական գենոմը և ավելի խորը ուսումնասիրելու մարդկանց գենետիկական բազմազանության հիմքերը։  Ավելին՝ եթե մինչ այժմն մենք մեծամես հիմվնում էինք ժամանակակից գենետիկական ինֆորմացիայի վրա, ապա այժմ մենք կարող են վերծանել բրածո նյութերում առկա հնագույն ԴՆԹ-ն, ինչը հեղաշրջել է մարդու գենետիկական պատմության մասին մեր պատկերացումները։

Հայերն ունեն առանձնահատուկ գենետիկական ժառանգություն։ Մեր գենետիկական պատկերը ձևավորվել է դեռևս 4000 տարի առաջ՝ բրոնզե դարում, և մինչ այժմն մնացել է համեմատաբար անփոփոխ։ Հայրական գծով ժառանգության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Y քրոմոսով պայմանավորված գենետիկական խմբերը ձևավորվել են վաղ Նեոլիթում (մոտ մ․թ․ա․ 11,000 – 7,000 թթ)։ Ավելին, վերջերս իրականցված մեկ այլ հետազոտություն, որտեղ ուսումնասիրվել է միտոքոնդրիալ ԴՆԹ-ն,  ցույց է տվել, որ Հայկական լեռնաշխարհում առկա է առնվազն 8000 տարվա գենետիկական անընդհատություն։

Այս ամենը վկայում է այն մասին, որ ներկայում հայկական պոպուլյացիան պահպանել է մեր տարածաշրջանում հնում ձևավորված գենետիկական փոփոխականությունը։ Սա մեծ գիտական հետաքրքրություն է առաջացնում, քանի որ գենետիկորեն համասեռ պոպուլյացիաների, այդ թվում՝ հայերի, ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ոչ միայն անցյալի բացահայտման, այլև՝ բժշկական կարևորության հարցերի պարզաբանման համար։

Հայկական պոպուլյացիայի գենետիկական պատմության մեջ դեռ բազմաթիվ բացեր կան, որոնք մենք կարող ենք լրացնել Հայկական գենոմ նախագծի շնորհիվ։ Այն թույլ կտա ստանալ մեր գենետիկական անցյալի լիարժեք պատկերը՝ առողջ ապագա ստեղծելու գրավականով։

հեղ՝ Անահիտ Հովհաննիսյան, թարգ՝ Լիլիթ Ներսիսյան